Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների մատակարարման առաջին պայմանագիրն է կնքել։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքով, գերատեսչությունը կստանա 12 ինքնաթիռ, մատակարարումը կսկսվի մոտ ժամանակներս։ Կրիվորուչկոն հավելել է, որ ներկայումս շարունակվում է Սու-57-ի շարժիչի փորձարկման երկրորդ փուլը։

Փետրվարին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սու-57 կործանիչները ժամանել են Սիրիա։ Սիրիական ակտիվիստները Հմեյմիմ ավիաբազա ժամանած ինքնաթիռի լուսանկարներ հրապարակեցին։ Ապա հրապարակվեց տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են Սու-57-երը վայրէջք կատարում բազայում։

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի  ուշ ImageSat International կոմերցիոն արբանյակների իսրայելական օպերատորը հրապարակել էր լուսանկար, որում երեւում էին հինգերորդ սերնդի երկու ռուսական Սու-57 կործանիչներ։ Հմեյմիմ ավիաբազայում, ընդհանուր առմամբ, կարող են գտնվել մինչեւ չորս Սու-57 կործանիչներ։