Գազամատակարարման բաժանորդները պետք է վճարեն ներտնային գազասպառման սարքավորումների սպասարկման համար: Նման կարծիք հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով որոշ քաղաքացիների դժգոհությանն առ այն, որ այդ ծառայությունները չպետք է վճարվեն, ինչպես, օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները, քանի որ բաժանորդներն արդեն իսկ վճարում են գազի մատակարարման համար:

Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանատու է գազի անվտանգ մատակարարման համար, ինչի դիմաց համապատասխան վճար է ստանում: «Անվճար որեւէ բան չկա: ԱԻՆ-ի ծառայությունները վճարվում են պետական բյուջեից, ուստի տարբերություն չկա՝ սպառողները ուղիղ կերպով, թե բյուջեի միջոցով վճարն: Բացի այդ, բաժանորդները վճարում են իրենց կողմից օգտագործված գազի համար, որոնց սակագները անվտանգության ապահովումը չեն ներառում»,- բացատրեց Չիլինգարյանը:

ՀԿ-ի ղեկավարը նաեւ նշեց, որ  AEG Service ՍՊԸ-ի աշխատակիցները, որոնք իրականացնում են ներտնային գազամատակարարման համակարգերի սպասարկումը, տարին առնվազն 2 անգամ՝ ձմռանը սկզբում եւ վերջում, ինչպես նաեւ՝ բաժանորդների զանգերով պարտավոր են այցելել բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի եւ սարքերի անվտանգությունն ու հուսալիությունը, մինչդեռ քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ տարեկան երկու անգամ են իրականցվում:

Նա հիշեցրեց, որ այդ վճարումների հետ կապված դժգոհությունները սկսվել էին դեռ 2005 թվականին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել «ՀայՌուսԳազարդ» ընկերության (ներկայումս՝ «Գազպրոմ Արմենիա») համապատասխան ծրագրին: «Հանրային կառույցներն այդ ժամանակ այդ ծրագիրը չընդունեցին, քանի որ դրա շրջանակում աշխատանքներ չէին տարվում. տեսուչը պարզապես այցելում էր բնակարանները եւ ստուգում՝ կա արդյոք գազ տանը: Սակայն հսկայական աշխատանքներից եւ ներդրումներից հետո երկու տարի անց հայտնվեցին AEG Service-ի որակավորված աշխատակիները»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Այդ վճարումների հետ կապված դժգոհությունները վերսկսվեցին նաեւ 2013 թվականի հուլիսի 1-ից, երբ կարգավորող մարմինը որոշում կայացրեց, որ դրանք պետք է իրականացվեն տարին երկու անգամ: «Ճիշտ կլիներ վերականգնել նախորդ ամսական վճարումները»,- կարծում է ՀԿ-ի ղեկավարը:

2013 թվականին ծառայությունների սակագները նվազել են տարեկան 2.400 մ-ից մինչեւ 2.270 դրամ, 2 կետի համար՝ 5.700 դրամից մինչեւ 4.540 դրամ, 3 կետի համար՝ 6.900 դրամից մինչեւ 6810 դրամ: Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ պայմանագիրը «Գազպրոմ Արմենիա» եւ AEG Service ընկերությունների միջեւ կնքվել էր 2007 թվականին: