Բանակում անցածից մնացած անորակ կոշիկ եւ հագուստ չունենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե դեռ կան անցածից մնացած անորակ կոշիկ եւ հագուստ։

«Նույն կոշիկներն ու նույն հագուստն է»,–նշեց նա։

Անդրադառնալով զինվորների այն  հրապարակումներին, որ նորերն ավելի հարմար են, ԳՇ պետը նկատեց. «Փոփոխությունները մշտական պրոցես են, որը կատարում ենք, մեծ, գլոբալ փոփոխություններ այս պահին չկան»։

Արտակ Դավթյանը հաղորդեց, որ 3 ամիս առաջ բանակը ստացել է որոշակի խմբաքանակ, որոնք «իրենց որակական առումով մեզ չէին բավարարում, եւ ամբողջ խմբակաքանակը փոխվեց  մատակարարի կողմից, մասնավորապես կոշիկների մասին է խոսքը»։

Նրա խոսքով, պարզապես որոշակի գործընթացների մասին հնչեցվում եւ ասվում են, իսկ որոշակի գործընթացներ էլ մնում են կադրերի հետեւում։