Երկուշաբթի օրը Իսպանիայի ափերին փրկարարների կողմից ավելի քան 100 միգրանտ է փրկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է երեք նավակ, որոնցում 52, 49 եւ 8 մարդ է եղել: Բոլոր երեք փրկարարական օպերացիաներն անցկացվել են Ջիբրալթարի նեղուցում:
Անցած շաբաթվա ընթացքում իսպանացի փրկարարներն Իսպանիայի ափերից քիչ հեռու 218 մարդ էին հայտնաբերել: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջերս դեպի Իսպանիա միգրացիոն հոսքը զգալիորեն աճել է: Հունվարից Միջերկրական ծովով Իսպանիայի ափեր մոտ 15 հազար միգրանտ է հասել, միայն հունիսին՝ գրեթե 7 հազար մարդ: Տարվա սկզբից դեպի Իսպանիա տանող ճանապարհին 292 մարդ է զոհվել կամ անհայտ կորել:
Ըստ կազմակերպության տվյալների՝ հունիսի սկզբից Միջերկրական ծովում ավելի քան հազար մարդ է խեղդվել, հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 1-ը՝ առնվազն 200-ը: Միջերկրական ծովով Եվրոպա հասած միգրանտների ընդհանուր թիվը 45 հազար մարդ է կազմում:





























