Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երեւան) հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցում Իսրայելի նախագահը շնորհավորել է Արմեն Սմբատյանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման մեջ:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ ջանք չի խնայի՝ իր նպաստը բերելու հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը:
Արմեն Սմբատյանն Իսրայելի նախագահին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացները:
Անդրադարձ է կատարվել նաեւ Իսրայելում հայ համայնքին, տարածաշրջանային գործընթացներում երկկողմ տնտեսական եւ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին։
Jerusalim Post-ը հաղորդում է, որ զրույցի ընթացքում Ռիվլինը հայտարարել է, որ երբ ինքը Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ էր, եւ Կնեսեթի, հաճախ է ասել, որ ծանր տառապանքներ վերապրած հրեա ժողովուրդը չի կարող անտեսել մյուս ժողովրդի տառապանքները: Ըստ նրա, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից հետո հայերը եկան Երուսաղեմ, նրանց ջերմորեն դիմավորեցին հրեա բնակիչները: Ռիվլինը նշել է , որ իր կարծիքով հայկական աղետը պետք է դիտարկել պատմական, այլ ոչ թե քաղաքական համատեքստում:
Խոսելով Հոլոքոստի մասին, Սմբատյանը նշել է, որ ոչ հրեաները, ոչ էլ հայ ժողովուրդը այլեւս երբեք նման սարսափելի աղետ չվերապրեն: Նա նշել է, որ հայերի եւ հրեաների միջեւ մարդկային ոգու դինամիկայի եւ գոյատեւելու ցանկության մեջ հստակ միավորող գիծ է տեսնում:
Ճանաչելով անցյալի կարեւորությունը, Ռիվլինն ասել է, որ առավել կարեւոր է ապագայի համար ապրելը:





























