ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ հուլիսի 3-ին կայացել է  Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետների դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ հանձնաժողովում ընդգրկված են նաեւ այլ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները, խոսվել է աղետներին դիմակայունության վարժանքների եւ հարակից միջոցառումների, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարհանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական եւ ցուցադրական վարժանքների, ինչպես նաեւ գիտական համաժողովի կազմակերպման մասին:

Արշավի շրջանակում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին ներկա կլինեն նաեւ օտարերկրյա դիտորդներ:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է լրացնել աշխատանքային պլաններում բացթողումներն ու հաշվի առնել նոր առաջարկությունները՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: