Կառավարությունը որոշել է բոլոր առեւտրային բանկերին եւ վճարահաշվային կազմակերպություններին արտոնել՝ բաժանել թոշակ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 27-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա արդարացի համարեց այն դժգոհությունները, որ հունվարին ծագեցին թոշակների բաժանման ժամանակ, երբ այն առաջին անգամ հանձնարարվեց իրականացնել «Հայփոստին»։ Արդյունքում՝ առաջացան հերթեր ու ձգձգումներ, մոտ 4000 թոշակառու այս պահի դրությամբ էլ դեռ թոշակ չի ստացել։

Վարչապետի տեղեկացմամբ՝ առեւտրային բանկերը թոշակի բաժանման իրավունք ստանալու համար պարզապես պետք է պայմանագիր կնքեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Իսկ թոշակառուն ինքը կընտրի, թե որ բանկի որ բաժանմունքում եւ ինչպես պետք է թոշակ ստանա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին պարզաբանեց, որ ներկա դրությամբ 12 առեւտրային բանկեր եւ 4 վճարահաշվային կազմակերպություններ նման իրավունք են ստացել։

Ինչ վերաբերում է «Հայփոստին», ապա, ըստ նախարարի, նրանց աշխատակիցների համար թոշակների վճարումը նոր գործընթաց է եղել, իսկ կարճ ժամանակահատվածը նրանց թույլ չտվեց ծանոթանալ այդ աշխատանքի բոլոր նրբություններին։

Նախարարը հիշեցրեց, որ նախկինում եւս առաջանում էին հերթեր, քանի որ թոշակի բաժանումը Երեւանում իրականացնում էին 17 գրասենյակներ, իսկ այսօր դրանց թիվը 90-նն է։