Գյուղատնտեսությունը շուտով հայտնվելու է խոշոր գործարարների ձեռքում եւ մենաշնորհային ոլորտ է դառնալու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ գյուղատնտեսութունը գերակա ոլորտ հռչակելու վերաբերյալ երեկ արված հայտարարությանը։ «Իշխանություններից երկար ժամանակ պահանջվեց՝ միջին եւ մանր բիզնեսը վերացնելու կամ դրանց տեսակարար կշիռը նվազեցնելու համար։ Այժմ էլ հերթը հասել է գյուղատնտեսական ոլորտին եւ գյուղացիներին»,-ցավով հայտարարեց պատգամավորը։

Ըստ նրա՝ կառավարությունը միտված է գյուղատնտեսությունը զարգացնել առանց գյուղեր այցելելու, գյուղացու խնդիրներին տեղյակ լինելու, այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասն ի վիճակի չէ  մշակել իրենց տրված հողը։ Պատգամավորն անդրադարձավ նաեւ առկա տնտեսական ցուցանիշներին, նշելով, որ բոլոր ցուցանիշները՝ մասնավորապես տնտեսական աճը, ինֆլյացիան, ՀՆԱ-ի դեֆլյատորը, մտահոգության տեղիք են տալիս։

«Արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել է, որ գնաճը կազմել է 9,4 տոկոս, դեֆլյատորը՝ 10,2 տոկոս, տնտեսական աճը՝ 2,6 տոկոս։ Այս ցուցանիշները խոսում այն այն մասին, որ ունեցել ենք բացառապես տնտեսական հետընթաց»,-հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա վատ ցուցանիշները այս տարի եւս կրկնվելու միտում ունեն։  Ըստ պատգամավորի՝ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները հակառակ արդյունքն են տալիս, ուստի՝ Արմեն Մարտիրոսյանը առաջարկում է կառավարությանը զերծ մնալ վնասակար նախաձեռնություններից։