Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունն, իսկապես, ոչ մի առումով պատրաստ չէ զիջումների գնալ ԼՂ հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ համաձայնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով «Էխո Մոսկվի» ռադիոկայային տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունը չի ցանկանում Ադրբեջանին թեկուզ մեկ սանտիմետր հող վերադարձնել։
Սակայն, ըստ նրա, նախագահի հայտարարությունը հակասության մեջ է մտնում ԼՂ հարցի վերաբերյալ վերջին տարիներին արված հայտարարությունների եւ ստորագրված փաստաթղթերի հետ։ «Հենց Սերժ Սարգսյանն է Աստանայում դեկտեմբերին ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ հղում է կատարվոմ լՙԱկվիլայի եւ Մուսկոկի հայտարարություններին, որոնցում խոսվում է ազատագրված տարածքների վերադարձի մասին։ Ուստի՝ հայկական կողմը պաշտոնապես համաձայնել է տարածքներ հանձնելուն»,-հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ տարածքների վերադարձի մասին է խոսվում նաեւ «Մադրիդյան սկզբունքներում», որոնց ՀՀ իշխանությունները կողմ են արտահայտվել։ «Իշխանությունները քաջ գիտակցում են, որ եթե որեւէ իրական քայլ կատարվի տարածքների վերադարձի հետ կապված, ապա իրենք ստիպված են լինելու անմիջապես հրաժարական տալ»,-նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ե՜ւ Հայաստանում, ե՜ւ Ադրբեջանում մինչ այս տեղի ունեցած իշխանափոխությունները տեղի են ունեցել ղարաբաղյան հողի վրա։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց նաեւ, որ իշխանությունները, որպեսզի մի փոքր մեղմեն իրենց մեղքը, որը թույլ են տվել իրենց իշխանությունը պահելու համար, անցել են հայրենասիրական որոշակի հռետորաբանության։ Դա արվում է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ հայրենասերի իմիջ ձեռք բերելու համար։ Մարտիրոսյանն ընդգծեց նաեւ, որ նման բնույթի հայտարարություններ ՀՀ իշխանությունները պետք է անեին շատ ավելի վաղ՝ հակադարձելով ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը։ «Արդեն ժամանակ է, որ Հայաստանը հստակ մեսիջներ ուղարկի միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի նմանատիպ վարքագիծն այլեւս անընդունելի է իր համար»,-առաջարկեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։





























