Ռուսաստանը կարող է հայ–ադրբեջանական կոնֆլիկտին ավտոմատ ներքաշվել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի հարձակման դեպքում Հայաստանը մի կողմ քաշված չի մնա։ «Չէ որ Հայաստանում է Ռուսաստանի 102–րդ ռազմաբազան, որը գոյություն է ունենալու մինչեւ 2044 թվականը, իսկ հնարվոր է՝ ավելի երկար։ Երեւանում հրաշալի հասկանում են, որ երկրում ռուսական ռազմաբազայի առկայությունը ազգային անվտանգության երաշխիքն է։ Իսկ ռուսական ղեկավարությունն, իր հերթին, մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկացած արտաքին սպառնալիք կդիտարկվի որպես սպառնալիք նաեւ Ռուսաստանի համար»,– պարզաբանեց Ցիգանոկը։

Փորձագետի կարծիքով՝ արդյունքում պատերազմի տրամաբանությունը կարող է Ռուսաստանին ուղղակի ստիպել միջամտել՝ կապված իր քաղաքացիների անվտանգությանն ու Հայաստանի քաղաքական շահերին առնչության հետ։ Ինչպես նշեց Ցիգանոկը, Ադրբեջանի հետ Ռուսաստանի նման բախումը կարող է բերել Թուրքիայի հետ կոնֆլիկտի։ Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին իրադրությունը լարված  է եւ կարող է բերել իրադարձությունների այդպիսի զարգացման։