Հունաստանում անտառային հրդեհների օջախների արբանյակային լուսանկարները եւ տեղի ոստիկանության ու հրշեջների հետաքննության արդյունքները վկայում են «հրկիզման լուրջ նշանների» մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հունաստանի հասարակական կարգի եւ քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Տոսկասը, փոխանցում է CNN-ը: Ինչպես նշում է Reuters-ը, տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է առնվազն 83 մարդ:
Տոսկասի պարզաբանմամբ՝ կրակը սկսել է տարածվել արեւելյան Ատտիկայի Պենտելի փոքր քաղաքից: Այնտեղից ավելի քան 15 հրդեհ է բռնկվել Հունաստանի հարավային մասի 3 ճակատներում, ասել է տեղի կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը: Նա այս բռնկումները հաղթահարելու հրշեջների խնդիրն «աննախադեպ» է անվանել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ռաֆինա-Պիկերմիի քաղաքապետ Վագիլիս Բորնոսը, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, CNN-ի հետ զրույցում ընդունել է, որ այս իրադարձությանը իշխանությունների արձագանքում սխալներ են թույլ տրվել: Երբ հրդեհները սկսել են տարածվել, տարհանման ոչ մի կարգադրություն չի կատարվել, հայտնել է նա՝ նշելով, որ հրդեհի չափերը «թերագնահատվել» են:
Մահվան տասնյակ դեպքերը հնարավոր են դարձել ոչ միայն եղանակային պայմանների պատճառով, որոնք մեծ դեր են ունեցել կրակի տարածման հարցում, այլ նաեւ մարդկային սխալի, ասել է Բորնոսը՝ վկայակոչելով նաեւ «խիստ տնտեսման տարիներին հասարակական ծառայությունների ծրագրման եւ ներգործության հետ կապված երկարաժամկետ խնդիրները»:




























