Դանիայում Ֆրանսիայից եւ Ավստրիայից հետո չորեքշաբթի՝ օգոստոսի 1-ին, ուժի մեջ է մտել օրենք, որով արգելվում է քաղաքացիներին դեմքը փակել հասարակական վայրերում։ Արգելքի տակ է հայտնվում ոչ միայն մուսուլմանական հագուստը՝ փարանջան ու նիկաբը, այլ նաեւ տարատեսակ դիմակները, արհեստական բեղերն ու մորուքները, հայտնում է DW–ն։ 

Դանիայի խորհրդարանն այդ օրենքն ընդունել է մայիսին։ Խախտումները կպատժվեն 134–ից մինչեւ 1340 եվրոյով։ Կոպենհագենում եւ Օրհուսում օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցեր են պլանավորված։ Ոստիկանությունը թույլ է տվել ցուցարարներին փակել դեմքը ցույցի ժամանակ, քանի որ այդ ցույցերը դիտարկվում են որպես ազատ խոսքի ու ազատ հավաքների քաղաքացիների իրավունքի իրացում։ 
Նշենք, որ արգելքի տակ չեն հայտնվում պարահանդեսների եւ Հելոուինի դիմակներն ու ձմեռային շարֆերը։  Համաձայն 2010 թվականի ուսումնասիրության՝ Դանիայում  փարանջա է կրում շուրջ 200 կին։ 
Հավելենք, որ Ֆրանսիայում եւ Բելգիայում նման օրենք է գործում 2011 թվականից, իսկ Ավստրիայում՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից։