Օգոստոսի 3-ին Դիլիջան քաղաքում կայացել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարն անցկացվում է IV Միջազգային բանակային խաղերի շրջանակում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ մրցաշարն առաջին անգամ է անցկացվում հանրապետության տարածքում, եւ, նախարարությունը՝ որպես մրցաշարի կազմակերպիչ, արել է ամեն ինչ, որպեսզի մրցաշարը լինի հետաքրքիր ու հիշվող։ Նրա խոսքով՝ այս մրցաշարի շնորհիվ՝ Հայաստանը դարձել է համընդհանուր ճանաչում ունեցող հարթակ նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար։ Շեշտվել է, որ ռազմամարզական մրցաշարը մշտապես ֆիզիկական կատարելության ձգտման խորհրդանիշ է. «Գլխավորը հաղթնակաը չէ, գլխավորը մասնակցությունն է, եւ, ես կարծում եմ, որ այսօր մենք պարտվողներ չենք ունենա»,–հայտարարել է Տոնոյանը։

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը շեշտել է մրցաշարի հրաշալի կազմակերպվածությունը, հայտնել է, որ դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի եւ Իրանի ներկայացուցիչները։ «Միջազգային բանակային խաղերը ժողովրդականություն են ձեռք բերել։ Այս տարի այն անցկացվում է 7 պետություններում։ Դրան մասնակցում են 32 երկրներ, 168 թիմեր, հազարավոր մասնակիցներ»,–ասել է նա՝ հավելելով, որ բանակային խաղերը փոխգործակցության, բարեկամության եւ եղբայրության դպրոց է։

Մրցաշարի արդյունքում առաջին տեղի համար «Աթլեթ» մրցափուլում պայքարն ընթացել է  Լիլիյա Դաուտովայի (ՌԴ) եւ Երթիլեկ Բեկբալատովի (Ղազախստան) միջեւ, «Էրուդիտ» փուլում՝ Արմինե Գրիգորյանի (Հայաստան) եւ Դավիթ Հովհաննիսյանի (Հայաստան)  միջեւ, «Դիպուկահար» փուլում՝  Աննա Կովալեւսկայայի (Բելառուս) եւ Ասխադ Բայդաուլետովի (Ղազախստան) միջեւ, «Տեր եւ տիկին» փուլում՝ Արմինե Գրիգորյանի (Հայաստան) եւ Նուրսեիտկոժա Սեյտկարմի (Ղազախստան), «Պրոֆեսիոնալ» փուլում՝ Ժանարգուլ Ակբալանովի (Ղազախստան) եւ Նուրսեիտկոժա Սեյտկարմի (Ղազախստան) միջեւ։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր, Հայաստանի զինված ուժերի թիմը` երրորդը։ Միջազգային բանակային խաղերի գավաթը հանձնվեց Ղազախստանի թիմին. «Ինձ համար կրկնակի հաճույք է ձեր թիմին պարգեւատրելը, քանի որ ես Ղազախստանում եմ ծնվել»,–հայտնեց Տոնոյանը։

«Ընկերակցության մարտիկ» պատվավոր կոչումը շնորհվել է Արմինե Գրիգորյանին (Հայաստան) եւ Նուրսեիտկոժա Սեյտկարմին (Ղազախստան)։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Ղազախստան թիմի մասնակիցները նշել են, որ նրանց հաջողության գլխավոր գրավականը բարեկամությունն ու համախմբվածությունն  է։ Անցած տարի Ղազախստան թիմը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։ «Չնայած այս տարվա հաջողությանը, մենք նախատեսում ենք հաջորդ տարի եւս  մասնակցել մրցաշարին»,–ասել է Ժանարգուլ Ակբալանովը։ Կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով՝ նա խոստովանել է, որ թիմի բոլոր անդամները հիացած էին հանրապետության բռնությամբ, ինչպես նաեւ հայկական հյուրընկալությամբ։

«Ընկերակցության մարտիկ 2018» Արմինե Գրիգորյանը մրցաշարի բոլոր 5 փուլերում մրցանակային տեղեր է զբաղեցրել։ «Մրցությունը շատ լարված էր, քանի որ մրցակիցները շատ ուժեղ էին»,–խոստովանել է նա։ Արմինե Գրիգորյանը իր ապագան կապում է Զինված ուժերի հետ եւ ծառայությունը կշարունակի Արցախում։