Թուրք–ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը նոր մակարդակի է բարձրացել Իզմիրում 2 տարի առաջ կալանավորված ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու պատճառով։
Թուրքիայում 2016–ի հեղաշրջման անհաջող փորձից հետո Իզմիրում ձերբակալվում է ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչների ու քուրդ զինյալների հետ կապերի մեղադրանքով։ Չնայած անցած 2 տարիներին, ԱՄՆ–ը պնդում է, որ Թուրքիան որեւէ հիմնավորում չի ներկայացրել Բրանսոնի մեղադրանքի հետ կապված։ Հենց այս հանգամանքից ելնելով է ԱՄՆ–ը վերջին օրերին սկսեց ճնշումներն ու սպառնալիքները Թուրքիայի դեմ։
Թուրքիան ամերիկացի հոգեւորականին պահում էր որպես պատանդ՝ ԱՄՆ–ից պահանջելով արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին կամ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար ԱՄՆ–ում դատապարտված «Հալքբանկ»–ի կառավարչին երկիր վերադարձնել։
Մեկ այլ վարկած է եղել, որ ամերիկյան կողմը պայմանավորվել է Էրդողանի հետ, որ Իսրայելում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանին ազատ արձակելու դիմաց ազատելու դիմաց Թուրքիան ազատելու է Էնդրյու Բրանսոնին։ Սակայն ամերիկյան կողմի խնդրանքով Իսրայելում ազատ արձակված Էբրու Օզքանի դիմաց Թուրքիան հրաժարվել է ազատ արձակել Բրանսոնին, ինչն էլ հունից հանել է ամերիկյան կողմին։ Եւ ամերիկյան կողմը սկսեց արդեն գործնական քայլեր Թուրքիայի դեմ պատժամիջոցների տեսքով։ Առաջինը դա Թուրքիայի ՆԳ եւ Արդարադատության նախարարների դեմ պատժամիջոցներն են։ Թեեւ դա տնտեսական որեւէ նշանակություն փաստացի չունի, սակայն տնտեսությունը շատ արագ արձագանքել է։ Ներկայում թուրքական լիրան ուղղակի գահավիժում է արգելակները փչացած մեքենայի պես, իսկ օտարեկրյա ներդրողները արագ իրենց գումարները դուրս են բերում երկրից։
Մեծ խնդրի առաջ են կանգնել նաեւ ներկրումներով զբաղվող խոշոր ընկերությունները, որոնց կորուստները միլիարդավոր լիրաների է հասել։
Միայն մեկ օր դոլարի կուրսը կայուն պահելու համար Թուրքիայի Կենտրոնական բանկը շուկա է հանել 2.2 մլրդ դոլար, սակայն դա ընդամենը մի քանի ժամով է կարողացել կայունացնել լիրան։
Այսինքն միայն երկու նախարարի դեմ պատժամիջոց սահմանելով՝ ԱՄՆ–ը կարողացավ կոլապսի ենթարկել Թուրքիայի տնտեսությունը։ Իսկ ինչ կլինի եթե ԱՄՆ–ը իրական տնտեսական պատժամիջոցները գործի դնի։ Դա լրիվ ողբերգություն կլինի Թուրքիայի տնտեսության համար։ Թուրքիան աշխարհում եզակի պետություններից է, որի տնտեսությունը գլխավորապես կախված է օտարերկրյա ներդրումներից։ Եւ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո օտարերկրյա ներդրողները կսկեն հանել իրենց ներդրումները։ Բանկերը չեն հասցնի սպասարկել հաշիվները, կստեղծվի քաոս։ Լիրան աննախադեպ կարժեզրկվի, իսկ դոլարով վարկերը չեն կարողանա փակել արդեն մի քանի անգամ արժեզրկված լիրայի պատճառով, որի հետեւանքով կլինի համատարած անվճարունակություն եւ երկիրը կտանի դեֆոլտի։
Այս սցենարը արդեն հասկացել են Թուրքիայում եւ դրա դեմն առնելու համար Թուրքիայից պատվիրակություն է մեկնել ԱՄՆ, թեեւ դեռ ամերիկյան կողմը չի հաստատել պատվիրակության հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Չպետք է մոռանալ նաեւ, որ բացի կալանավորված ամերիկացի հոգեւորականի հարցից, Թուրքիան եւս մեկ դժվար լուծելի խնդիր ունի, դա ռուսական C-400 համալիրների գնումն է։ Ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է նման գործարքի հետեւանքների մասին։ Մեկ այլ գործարք՝ F-35 ռազմական ուղղաթիռների գնումը Թուրքիայի կողմից եւս դադարեցված է ամերիկյան կողմից։
Այսինքն, թուրք–ամերիկյան հարաբերություններն այս պահին ի օգուտ ԱՄՆ–ին եւ Թուրքիան ստիպված կլինի հետեւություններ անելու եւ փորձելու հարթել հարաբերությունները։
Անդրանիկ Իսպիրյան





























