Նոր Զելանդիան կդադարեցնի մեկանգամյա պլաստիկ տոպրակների օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով 1 News-ը:
Մեկանգամյա պլաստիկ տոպրակներից հրաժարումը կիրականացվի մի քանի փուլով՝ հաջորդ տարվա ընթացքում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը եւ առողջապահության նախարարի օգնական Յուջենի Սեյջը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է միանգամյա տոպրակների արգելման մասին դիմումից հետո, որը 65 հազար մարդ էր ստորագրել:
«Մենք հարյուրավոր միլիոնավոր մեկանգամյա պլաստիկ տոպրակներ ենք օգտագործում, որոնց մեծ մասն արդյունքում աղտոտում է մեր թանկարժեք ափամերձ եւ ծովային միջավայրը եւ լուրջ վնաս է հասցնում ծովային կյանքի բոլոր տեսակներին, եւ այս ամենն այն դեպքում, երբ սպառողների եւ բիզնեսի համար իրական այլընտրանք կա»,- ասել է Արդերնը:
Նոր Զելանդիայի բնակիչները կարող են իրենց կարծիքը հայտնել արգելքի մասին մինչեւ սեպտեմբերի 14-ը:



























