Ոչ ճիշտ, անխնա, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունը ու կոռուպցիան հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ ստիպված փաստի առաջ ենք կանգնել եւ պետք է ինչ–որ լուծում տանք՝ 40 մլն խմ ջրառ կատարելով Սեւանից։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Նա հարակից զեկուցողն է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի քննարկմանը։ 

«Ելք» խմբակցության պատգամավորը թվարկեց, իր դիտարկմամբ, անցած եւ այս տարվա Սեւանից ջրառ իրականացնելու նախաձեռնությունների տարբերությունը։ «Անցած տարիներին նախագիծը հիմնավորվում էր սակավաջրությամբ, ասում էին, որ անձրեւ չի եղել, երաշտ է եւ վերջ։ Բացի դրանից ուրիշ որեւէ պատճառ չէր նշվում։ Այսօր հանձնաժողովում բոլորովին այլ պատկեր էր։ Մենք վերջապես ոլորտի պատասխանատուից լսեցինք ոչ միայն եղանակի տեսության հաղորդումներ, այլ իրական պատճառներ, թե ինչու է տարեցտարի Սեւանից ջրառի անհրաժեշտություն առաջանում»,- ասաց Լենա Նազարյանը:

Նա նշեց մի քանի պատճառ.  «Նախ՝ 15 տարի շարունակ, ամեն տարի Արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորման գերազանցել է  660 մլն խմ–ն։ Պատճառ երկրորդ, ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ. մայր ջրանցքներում 27,5 տոկոս կորուստ, դերիվացիոն ջրանցքներում 7 տոկոս, ներտնտեսային ցանցում, որը 14 հազար կմ է, 43 տոկոս կորուստ: Պատճառ երրորդ, համակարգում լինում են ջրագողություններ, եղել են եւ հիմա էլ կան: Կան դեռեւս ապօրինի հորեր»:

Նրա խոսքով, այնումենայնիվ, կառավարության դիրքորոշումը հետեւյալն է եւ ես շատ ուրախ եմ դրա համար, որ Սեւանա լիճը ոռոգման ջրի տարա չէ եւ պետք է ամեն ինչ արվի, որ մյուս տարիներին Սեւանից այլեւս ջրառ չանենք:

Նա հիշեցրեց, որ Ջրային պետական կոմիտեի պաշտոնական ցուցանիշով՝  2000 թ–ից առաջ Սեւանից ջրառ կատարվել է ընդամենը 5 մլն խմ։ Լենա Նազարյանի դիտարկմամբ, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հավելյալ ջրառի նախագծին, քանի որ իսկապես կա անհրաժեշտություն գյուղատնտեսական  հողատարածքները ոռոգելու։ Բայց  խնդիրը, նրա խոսքով, պետք է լուծվի այլ կերպ. «Պետք է ոլորտում լինեն շատ կարեւոր բացահայտումներ եւ բարեփոխումներ, որպեսզի Սեւանա լիճը պահպանվի որպես տարածաշրջանում խմելու ջրի կարեւոր ավազան»:

Նշենք, որ Խորհրդարանը քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է Սեւանից այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպել: 2017-ին լրացուցիչ 100 մլն խմ ջրառ է տեղի ունեցել: