ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե վերջինը դեպի լավը չփոխվի:
Bloomberg-ի հետ հարցազրույցում Թրամփը կրկին քննադատել է Միացյալ Նահանգների նկատմամբ ԱՀԿ վերաբերմունքը. «Եթե նրանք չզարգանան, ես ԱՀԿ-ից կհեռանամ»:
ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները հետեւում են ավելի վաղ տարածված այն տեղեկություններին, որ Թրամփը Սպիտակ տան իր օգնականներին ասել է, թե ցանկանում է ԱՀԿ-ից դուրս գալ:
Մինչդեռ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ձգտում կազմակերպությունից հեռանալուն: Առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հուլիսին CNBC-ին ասել էր, որ ԱՀԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները «փոքր-ինչ վաղաժամ» են: «Մենք չենք թաքցրել մեր կարծիքը, որ ԱՀԿ-ը բարեփոխումների անհրաժեշտություն ունի»,- ասել է Ռոսը: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարող է «իր գործունեությունը թարմացնել կամ համաժամանակացնել»:





























