Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի ԱԳ նախարար Կոնո Տարոն այսօր՝ սեպտեմբերի 3-ին այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, ծանոթացել հայկական ճարտարապետության շքեղագույն կոթողներից մեկի պատմությանը: Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ը:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարը շրջել է արգելոց-թանգարանում. նրան պատմել են հեթանոսական տաճարի, պալատական բաղնիքի ու մյուս հուշարձանախմբերի մասին:
Աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկների հոսքը «Գառնի» արգելոց-թանգարան բավական մեծ է: Բարձրաստիճան հյուրին տեղեկացրել են, որ վերջին ամիսներին ակտիվացել է նաև ճապոնացի զբոսաշրջիկների թիվը:
Արա Թարվերդյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին կազմակերպության հրատարակած «Ջուղա. հարյուրամյա ցեղասպանության վկան» քառալեզու ալբոմ է նվիրել, որն ընդգրկել է ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ: ՊՈԱԿ-ի տնօրենը ճապոնացի պաշտոնյային տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության արդյունքում այդ խաչքարերը ոչնչացվել են:
Քառալեզու ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող՝ «21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը:




























