Հետխորհրդային որոշ երկրների մեկ ընդհանուր Եվրասիական տնտեսական միության հարթակում ինտեգրելու՝ Ռուսաստանի փորձերը կարող են տևական ազդեցություն ունենալ, և Եվրոպան պետք է դա հաշվի առնի: Այս մասին գրում է Ջերոնիմ Փերովիչը շվեյցարական Անվտանգության ուսումնասիրության կենտրոնի (Center for Security Studies at ETH Zurich) համար գրված իր հոդվածում:

Ուկրաինային ԵՏՄ-ում ներառելու անհաջող փորձը մեծ հարված էր Ռուսաստանի համար, սակայն վերջինը շարունակում է հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրման գործընթացը: Առայժմ ԵՏՄ-ի գրանցած արդյունքները համեստ են, և միությունը երկար ճանապարհ պետք է հաղթահարի՝ մինչև ԵՄ-ի տնտեսական առաջընթացին հասնելը: Սակայն որոշ հատվածներում կան շոշափելի արդյունքներ. Մոլդովան 2017 թվականից ի վեր կազմակերպությունում պաշտոնական դիտորդ է, իսկ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Տաջիկստանը և Ուզբեկստանը, կարող են դառնալ դիտորդներ կամ նույնիսկ անդամագրվել միությանը:

Հեղինակի խոսքով՝ ԵՏՄ-ն ձեռք է բերում միջազգային կարգավիճակ՝ բարեհաջող բանակցություններ վարելով և առևտրային կամ տնտեսական համաձայնագրեր կնքելով մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ: Հեղինակի կարծիքով՝ Եվրոպան պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերի ԵՏՄ-ին, հակառակ դեպքում՝ կարող է կորցնել հիանալի հնարավորություն, մինչդեռ Ռուսաստանն ու ամբողջ Եվրասիան կթեքվեն դեպի Արևելք:

Առայժմ ԵՏՄ-ի ստեղծումը, նրա կարծիքով, Մոսկվային ձեռնտու է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական առումով, քանի որ Ռուսաստանի առևտրի միայն 6%-ն է իրականացվում ԵՏՄ տարածքում: Ռուսաստանը նաև ձգտում է ԵՏՄ-ն դարձնել Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ, ինչպես նաև այն ներառել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում:

Փերովիչը նկատում է, որ որպես կառույց՝ ԵՏՄ-ն մի շարք նմանություններ ունի ԵՄ-ի հետ, սակայն անդամ պետությունների մոտիվները տարբեր են, մասնավորապես՝ որոշ երկրների առումով ավելի մեծ կախում ունի Ռուսաստանից, քան հակառակը: Երկրորդ պատճառը, հեղինակի կարծիքով, այլ տարբերակների բացակայությունն է: ԵՄ-ն անդամակցության հեռանկարներ բացառում է, ուստի ԵՏՄ-ն միակ, թեկուզև՝ ոչ ամենալավ տարբերակն է:

Ռուսաստանը մեծ ներդրող և առևտրային գործընկեր է անդամ պետությունների համար. Հայաստանի համար այն նաև կարևոր է՝ որպես աշխատանքային միգրացիայի գլխավոր վերջնակետ: Երրորդ պատճառը, ըստ հեղինակի, անվտանգությունն է: Հայաստանը միացել է Ռուսաստանի ճնշման տակ, ինչպես նաև էժան էներգիայի և Ադրբեջանի դեմ պաշտպանության հույսով:

Նշվում է, որ ԵՏՄ անդամ պետություններում ինտեգրումը դիտվում է որպես բնական գործընթաց, ուստի բնակչությունը դրական է տրամադրված: Բացառություն է կազմում միայն Հայաստանը, որտեղ բնակչության կեսից քիչ մասն է ԵՏՄ-ն դրական գնահատում:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում գոյություն ունեցող խնդիրներին, ապա ռազմական առումով անդամ պետությունները գրեթե այլ ելք չունեն, քան անդամությունը շարունակելն է: Ռուսաստանը վճարում է ԵՏՄ ընդհանուր ռազմական բյուջեի 87%-ը, որը նշանակում է, որ անդամությունից հրաժարվելը կարող է թանկ նստել մյուս անդամների համար: Ուկրաինայի դեպքերից հետո ԵՏՄ անդամ պետություններն անդամությունը դադարեցնելը դիտարկում են որպես պատերազմի և խաղաղության հարց: Նշվում է, որ «հենց այդ պատճառով է, որ ԵՏՄ-ն լքելը չէր դիտարկվում որպես տարբերակ գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերի կողմից»:

Հեղինակը նշում է, սակայն, որ անդամ պետությունները, Ռուսաստանի հետ զգուշավոր լինելուց բացի, ունեն նաև որոշակի լծակներ. Ռուսաստանը, խուսափելով հերթական խռովություններից, կարող է զիջման գնալ և, օրինակ, պարտքեր ներել կամ գազի սակագին իջեցնել:

Ամեն դեպքում, հեղինակի կարծիքով, ԵՏՄ-ն չպետք է համեմատել ԽՍՀՄ-ի կամ այլ միության հետ, քանի որ կան էական տարբերություններ: Ռուսաստանը չի փորձում վերականգնել նախկին Սովետական միությունը, քանի որ ԵՏՄ-ն հիմնված չէ որևէ գաղափարախոսության վրա: Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է ԵՏՄ-ի միջոցով տարածաշրջանում համակշռել Չինաստանի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում էլ՝ Մոսկվան սեփական տնտեսական շահերը գերադասում է միության շահերից:

Հեղինակը նշում է, որ ԵՏՄ անդամ պետությունների միջև կապերը, հավանաբար, ավելի կամրանան: Եվ այս իրավիճակում ԵՄ-ն, հրաժարվելով ԵՏՄ-ի հետ համագործակցել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով, կորցնում է Եվրասիայում տեղի ունեցող փոփոխություններին հաղորդ լինելու հնարավորությունը, մինչդեռ այլ պետություններ՝ ներառյալ Չինաստանը, խորացնում են իրենց տնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի հետ: Իսկ մերձեցումը կարող է ոչ միայն տնտեսական առավելություններ ունենալ, այլև թուլացնել քաղաքական լարվածությունը, ուստի հեղինակը կարծում է, որ ժամանակն է, որ ԵՄ-ն վերանայի իր դիրքորոշումը: