Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած եւ այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ եւ մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն:

Մյուս հիվանդի վիճակը եւս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը եւս կկազմակերպվի Հայաստանում:

Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի եւ «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ 46-ամյա Օլեգ Օմարով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 37-ամյա Արամ Խաչատրյանը, 32-ամյա Արփինե Մամյանը, 29-ամյա Մարիա Պանյանը, 23-ամյա Անդրանիկ Գինոսյանը եւ եւս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» եւ «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է:

Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ