Ռիո դե Ժանեյրոյի Ազգային թանգարանում ամբողջ հավաքածուն ոչնչացրած խոշոր հրդեհից հետո Բրազիլիայի իշխանությունները որոշել են 25 միլիոն ռեալ (շուրջ 6.1 միլիոն դոլար) հատկացնել երկրում թանգարանների անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ հակահրդեհային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Globo ալիքը հայտնում է, որ գումարը կտրամադրվի սեպտեմբերի ընթացքում Տնտեսական եւ սոցիալական ազգային բանկի կողմից (BNDES)։ Չի բացառվում, որ ֆինանսական այլ հաստատություններ եւս հետագայում այս ծրագրին կմասնակցեն։
Թանգարանի շենքում հրդեհը բռնկվել էր կիրակի երեկոյան եւ շարունակվել է ավելի քան 3 ժամ։
Թանգարանում ավելի քան 20 միլիոն ցուցանմուշներ էին պահվում, այն հիմնադրվել էր 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից։





























