«Արմոյլ» ընկերության համար կառավարության «կանաչ լույսը» տարակուսանք է առաջացրել բնապահպանների շրջանում: Հիշեցնենք, որ կառավարությունը օգոստոսի 30-ին կայացած նիստում որոշել էր «Արմոյլ» ընկերությանը տրամադրել հարկային եւ մաքսային արտոնություններ:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի շինարարությունը բազմիցս դադարեցվել է բնապահպանական փորձաքննության բացակայության պատճառով: Բացի այդ, տեղացի բնակիչները անցյալ տարի իրենց դժգոհությունն էին հայտնել ձեռնարկության կառուցման կապակցությամբ՝ մտահոգություն հայտնելով շրջակա միջավայրի եւ առողջության ռիսկերի վերաբերյալ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  «ԷկոԼուր» հկ փորձագետ Վիկտորիա Բուռնազյանը նշեց, որ կառավարության որոշումը  երաշխիք չէ, որ ձեռնարկությունը բնակչության առողջությանը եւ բնությանը վնաս չի պատճառի: Բացի այդ բնապահպանները մտահոգված են, որ այդ որոշումը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոնին» կստիպի նախագծին դրական եզրակացություն տալ:

Նախկինում ՇՄԱՓԿ-ն «Արմոյլ»-ի դիմումը երկու անգամ  վերադարձրել էր: Արդյունքում, գործարանի շինարարությունը կատարվում էր մինչեւ փորձաքննության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատականի անցկացումը:

Հայտարարություններն այն մասին, որ ընկերությունը ոչ թե նավթ, այլ նավթամթերք է վերամշակելու, նույնպես բնապահպանական ընկերություններին լավատեսություն չի ներշնչում, քանի որ անգամ այդ դեպքում մթնոլորտում վնասակար նյութեր կհայտնվեն:

«Գործարանի գործունեության հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հստակ պակաս կա: Ընկերության պաշտոնական կայքում փաստաթղթեր չկան, որոնք հստակ կպատասխանեին այս հարցին», - նշել է Բուռնազյանը:

Նա հիշեցրեց, որ ամռանը տեղացիները այս նախագծի իրականացման դեմ զանգվածային ակցիա էին կազմակերպել: Բացի այդ դժգոհություն էին հայտնում նաեւ գործարանի հարակից մրգատու այգիների սեփականատերերը, քանի որ ձեռնարկության աշխատանքը նրանց արտադրանքը անմրցունակ կդարձնի:

«Արմոյլ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Այն մասնավորապես, զբաղվում է նավթամթերքների, նավթի հումքի, մեքենայի յուղերի, դիզելային վառելիքի եւ բիտումի ներկրմամբ եւ մեծածախ եւ մանրածախ վաճառքով: