Նիկարագուայում ուրբաթ տեղի է ունենում ազգային գործադուլ՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների գործողությունների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Prensa պորտալին:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսգիշերին եւ կտեւի մեկ օր: Իշխանություններին ներկայացվող հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատումը, ինչպես նաեւ իշխանությունների կողմից ռեպրեսիաների դադարեցումը եւ ճգնաժամի հաղթահարման ազգային երկխոսության վերսկսումը:

Նիկարագուայում հակակառավարական բողոքի ցույցերը սկսվեցին ապրիլին իշխանությունների առաջարկած բարեփոխումներից հետո, որը ենթադրում էր գործատուների եւ աշխատողներից պահումների գումարի ավելացում սոցիալական ապահովագրության հիմնադրամներ:

Նախագահ Դանիել Օրտեգան վերացրեց այն, սակայն զանգվածային բողոքները չդադարեցին: Օրտեգան հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչպես պահանջում է ընդդիմությունը եւ կատարվածը երկրի դեմ դավադրություն է անվանում: