ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը որեւէ տեղեկություն չունի, որ առաջվա նման հիմա էլ մաքսային մարմիններում զանգերով հարց են լուծում:

«Եթե օրինակ կբերեք, եւ կմտածեք, որ տեղեկատվություն տալը գործ տալ չէ, այլ ճիշտ վարքագիծ է, բոլորը կպատժվեն՝ անկախ նրանից, թե ով է իրագործել անօրինություն»,-ասել է Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում:

Նա խոսեց նաեւ ստվերային տնտեսության ծավալների մասին՝ նշելով, որ ստվերի վերաբերյալ կարծիք հայտնելը շնորհակալ գործ չէ: «Ես որեւէ կարծիք չեմ հայտնի, քանի դեռ չունենք ստվերի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն: Այսօր ունենք խումբ, որը առաջին անգամ իրականացնելու է ստվերի ոլորտային գնահատականներ: պետք է հարկունակ ոլորտների ստվերի գնահատականներ ունենք, եւ այդ ժամանակ կխոսեմ: Կարծիքներ ունեմ, բայց չեմ հնչեցնի»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ ՊԵԿ-ում ինքը կադրեր ընտրելիս առաջնորդվում է բացառապես պրոֆեսիոնալիզմի առկայության սկզբունքով եւ նաեւ այն խնդիրները կարգավորելու ունակությունների առկայությամբ, որն այդ անձի մեջ տեսնում է:

«Կադրային հարցում քննադատությունները չէի ասի, որ մեղմվել են, բայց ասեմ, որ եթե ընդհանրապես պետական մարմինների նկատմամբ չկա բողոք, նշանակում է չկա շարժիչ ուժ: Մենք պատրաստ ենք բողոքները լսել եւ դրա վերաբերյալ մեր կարծիքն արտահայտել»: