ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը մարդու իրավունքների խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով գործող եւ նախկին պաշտոնատար անձանց:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում մուսուլմանների համար «նախակրթական ճամբարներում» կարող են լինել միլիոնի հասնող էթնիկ ույգուրներ: Հաղորդվում էր, որ Չինաստանի իշխանությունները նրանց ստիպում են չինարեն սովորել, օրենքները յուրացնել եւ աշխատանքային հմտություններ ձեռք բերել, այս ճամբարներում պահելու վերջնանպատակն էր համարվում «տրանսֆորմացիան»:
Պարբերականի տեղեկություններով՝ եթե Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանի, ապա սա կլինի Չինաստանի դեմ նման կարգի առաջին սահմանափակումը, որ սահմանվում է մարդու իրավունքների խախտումների համար: Նոր պատժամիջոցները կարող են սահմանափակել ԱՄՆ հսկման տեխնոլոգիաների ներմուծումը, որոնք օգտագործվում են ույգուրներին հետեւելու համար: NYT-ն նշում է, որ այս պատժամիջոցները վերջին ամիսներին քննարկվում են Սպիտակ տանը, ֆինանսների նախարարությունում եւ Պետքարտուղարությունում:




























