Եվրամիությանն անհրաժեշտ է Լիբիայի իրավիճակին առաջնահերթ ուշադրություն դարձնել, քանի որ այդ երկրում կայունությունից է կախված նաեւ եվրոպական երկրների բարեկեցությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մշտապես մոտ ենք եղել լիբիացի ժողովրդին…ներդրումներ ենք կատարել նրա առողջապահության, ծառայությունների, անվտանգության, տեղական ինքնակառավարման մեջ: Հիմա դրա անհրաժեշտությունը միայն աճել է: Սա կարեւոր է լիբիացիների համար, մեզ համար՝ եվրոպացիների համար, որովհետեւ Եվրոպայում անվտանգություն եւ կայունություն չի լինի, եթե Լիբիայում չկա անվտանգություն եւ կայունություն»,- ասել է Մոգերինին:
Նա Եվրախորհրդարանին կոչ է արել ջանքեր ներդնել Լիբիայում իրադրության բարելավման համար, ինչպես նաեւ դատապարտել է սեպտեմբերի 10-ին Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի վրա հարձակումը:
2011 թվականին զինված դիմակայության ժամանակ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան սուր ճգնաժամ է ապրում: Երկրում երկիշխանություն է հաստատվել. արեւելքում Տոբրուկ քաղաքում նիստեր է անցկացնում ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում, մայրաքաղաք Տրիպոլիում գործում է ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ:
Լիբիայում Քադաֆիի տապալումից հետո երկիշխանությունը եւ անվտանգության համակարգի փլուզումը հանգեցրել են զինված ապստամբ խմբավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության աճին: Կենտրոնացված իշխանության եւ միասնական բանակի բացակայության պատճառով Լիբիան վերածվել է մաքսանենգության կենտրոնի, ինչպես նաեւ Աֆրիկայից Եվրոպա ապօրինի միգրանտների փոխաբեռնման կետի:




























