Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվների հայտնաբերման, գնահատման եւ կառավարման հատուկ հանձնաժողովը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» խմբավորման 1589 անդամների կամ նրա հետ կապված անձանց ակտիվների սառեցման մասին, հայտնում է «Ալ Վաթանը»:
Պարբերականի տեղեկություններով՝ «Մուսուլման եղբայրները» ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար բիզնեսի տարբեր ոլորտներից ստացված եկամուտների օգտագործման հատուկ ծրագիր էր մշակել: Խոսքը ներդրումային ընկերությունների, կենցաղային տեխնիկայի խանութների, դպրոցների, բարեգործական կազմակերպությունների, հիվանդանոցների, լրատվական կայքերի եւ հեռուստաալիքների մասին է: Սառեցված ակտիվներն ընդհանուր գնահատվում են 61 մլրդ եգիպտական ֆունտ (3,4 մլրդ դոլար):
Պարբերականը նշում է, որ «Մուսուլման եղբայրների» դեմ այսպիսի ծավալուն միջոցառումներ առաջին անգամ են անցկացվում 1928 թվականին խմբավորման հիմնադրումից սկսած:
Ներկայումս «Մուսուլման եղբայրներ» խմբավորման փաստացի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը բանտարկված է: Իսլամիստների առաջնորդներին մեղադրում են պետական կարգի տապալման, երկրում քաոս հրահրելու փորձերի, ոստիկանական տեղամասերի, պետական հաստատությունների վրա հարձակումներ ծրագրելու մեջ: Խմբավորման մի շարք ղեկավարներ կարողացել են թաքնվել Եգիպտոսի սահմաններից դուրս:




























