Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Մեքսիկային 20 մլն դոլար տրամադրել արտասահմանցիների արտաքսման համար, ովքեր ապօրինի գտնվում են այդ երկրի տարածքում, որպեսզի թույլ չտա նրանց տեղափոխվել ԱՄՆ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով New York Times-ին:
Հրատարակության տվյալներով, խոսքը մոտավորապես 17 հազար մարդու մասին է, որոնց մեքսիկական իշխանությունները կձերբակալեն, որոշակի իրավական գործընթացների կենթարկեն, իսկ հետո ԱՄՆ-ի հատկացրած նյութական օգնության հաշվին ինքնաթիռներով եւ ավտոբուսներով դուրս կհանեն երկրի սահմաններից: Թրամփի վարչակազմի մշակած ծրագրի համաձայն կարտաքսվեն նաեւ ահաբեկչական գործուենության մեջ կասկածվող կամ ներգրավված ապօրինի ներգաղթյալները:
Համապատասխան ծանուցագիրը, ըստ թերթի, վարչակազմը վերջերս ուղարկել է Կոնգրես: Այս ծրագրի իրականացման համար միջոցներն առաջարկվում է օտարերկրյա օգնություն հիմնադրամներից տրամադրել: Ծրագրի մշակողները հուսով են, որ դրա օգնությամբ հնարավոր կլինի զգալիորեն սահմանափակել լատինամերիկյան երկրներից ապօրինի ներգաղթյալների հոսքը, ովքեր փորձում են Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխվել:
Նշված գումարը, ինչպես հայտնի է դարձել The New York Times-ին, նախատեսվում է Պետդեպարտամենտից Ներքին անվտանգության նախարարություն տեղափոխել, իսկ հետո գումարները Մեքսիկայի իշխանություններին փոխանցել:
Հրատարակությունը հիշեցնում է, որ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել եւ նույնիսկ խոստացել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ ապօրինի ներգաղթյալների ներհոսքի խնդրի լուծման համար Մեխիկոն կվճարի: Այժմ, ինչպես պարզվում է, այս նպատակների համար առաջարկվում է ամերիկյան հարկատուների գումարներն ուղարկել: ԱՄՆ օրենսդիրներին, ըստ թերթի, այս գաղափարը դժվար թե դուր գա:




























