ԱՄՆ-ն շարունակում է պահպանել կարեւոր տեղեկությունները, որոնք կարող են օգնել խորհրդավոր միջադեպերի հետաքննությանը, որոնց հետեւանքով 2016 թվականի վերջից Հավանայում տուժել է մոտ 20 ամերիկյան դիվանագետ: Այս մասին հայտարարել են Կուբայի ներկայացուցիչները, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Կուբայի պատվիրակության անդամները հայտարարել են, որ տուժողների հիվանդության պատմության եւ այլ տեղեկատվության վերաբերյալ իրենց դիմումները մերժվել են: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը շարունակում է պնդել, որ վնասվածքները առաջացել են նպատակային հարձակումներից:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պնդում է, որ Հավանայում դիվանագետները ու նրանց ընտանիքների անդամները «ակուստիկ հարձակման» էին ենթարկվել, ինչի արդյունքում նրանք ծանր գլխացավեր, սրտխառնոց, լսողության եւ տեսողության խնդիրներ էին ունեցել: