Իրաքում Կանադայի առաքելության հրամանատար գեներալ Քոլին Քիվերն ասել է, որ Օտտավան կարող է երկարաձգել երկրում ռազմական կոնտինգենտի ներկայության մանդատը: Զինծառայողի հայտարարությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Canadian Press գործակալությանը:

Գեներալի խոսքով Իրաքի կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո էլ անվտանգության ապահովման հարցում ապավինելու է  Կանադային եւ միջազգային այլ գործընկերներին:

«Նրանք խոստովանում են, որ անվտանգության ապահովման եւ Իրաքի կայունացման եւ բարգավաճման հարցում մշտական օգնության կարիք ունեն», - ասել է Քիվերը:

Գեներալը նշել է, որ ներկայիս կանադական առաքելությունը Իրաքում երկարաձգելու առաջարկը, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականի մարտ, կարող է Կանադայի պաշտպանության նախարարությունից ուղղվել վարչապետ Ջասթին Թրյուդոյին: