Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորաշեն թաղամասից դեպի Դավթաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Հ. Մելքումովի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան մոտակայքում բախվել են «Լիլիթ-Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող «Ford Transit» մակնիշի (վարորդը Ա. Գ., 1985 թ.) եւ «Honda Fit» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., 1995 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Ա.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: