Վայոց Ձորի մարզում մոտ ապագայում կանցկացվի միանգամից երկու խոշոր փառատոն `գինու եւ գաթայի: Կազմակերպիչներն այս տարի զբոսաշրջիկների մեծ ներհոսք են ակնկալում եւ նույնիսկ մտահոգված են, որ բոլորի համար տարածքը կարող է բավարար չլինել:

Մասնավորապես, սեպտեմբերի երրորդ շաբաթը՝ սեպտեմբերի 22-ին, Խաչիկ գյուղում տեղի կունենա թվով հինգերորդ գաթայի ամենամյա աշնանային փառատոնը, իսկ հոկտեմբերի առաջին շաբաթը՝ հոկտեմբերի 6-ին, Արենի գյուղում կանցկացվի  10-րդ ամենամյա «Արենի» գինու փառատոնը:

Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ երկու տոներն էլ հոբելյանական են լինելու, ինչի կապակցությամբ սպասվում են բազմաթիվ հյուրեր: «Արենի» գինու փառատոնն այս տարի բազմաժանր կլինի, փառատոնի ընթացքում տեղի կունենա նաեւ ավանդական հայկական հարսանիք, որի արարողությունը կկայանա Արենի գյուղում:

Ավանդույթի համաձայն, խաղող կճզմեն, կներկայացնեն խաղողի եւ պանրի նոր տեսակներ, այդ թվում Խաչիկ գյուղի ֆերմերների պանիրները, որոնց արտադրանքը մեծ համբավ ունի: Բացի այդ նախատեսվում է Արենի համայնքում ընդգրկված 9 գյուղերի ներկայացուցիչների երթ: Այս տարի միջոցառումները կենտրոնացած չեն միայն Արենի գյուղում, դրանք կանցկացվեն նաեւ մարզի այլ վայրերում:

Նունե Մանուկյանը նշեց, որ զբոսաշրջային գործակալություններից, հատկապես Ուկրաինայից, բազմաթիվ դիմումներ են ստացվել, քանի որ անցյալ տարի այցելած ուկրաինացիները ցանկացնում են ընկերների հետ այցելել փառատոններին:

Նա նաեւ խորհուրդ տվեց անպայման այցելել սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնին: «Հասարակական ուղղվածության ծրագրերը շատ կարեւոր են այնպիսի գյուղերի համար, ինչպիսին է Խաչիկը, եւ մենք հուսով ենք, որ աջակցություն կստանանք: Բացի այդ, Խաչիկն այն միակ վայրն է, որտեղից բացվում է Նորավանքի համայնապատկերը, ուրիշ ոչ մի տեղից չեք կարող տեսնել այդ », - ասաց Մանուկյանը:

Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանն, իր հերթին նշեց, որ Գաթայի փառատոնը դրական է ազդում բնակավայրի վրա, քանի որ այստեղ սկսել է զարգանալ զբոսաշրջության ոլորտը, ֆերմերները կարող են գովազդել իրենց արտադրանքը եւ ընդլայնել տեսականին:

Գյուղում բացվում են նոր հյուրատներ, բնակիչները սովորել են կազմակերպել  հյուրերի հանգիստը: Այս տարի փառատոնում կներկայացվեն գաթայի նոր տեսակներ, կլինեն հյուրասիրություններ եւ վաճառք, եւ ամենակարեւորը` 4 մետր տրամագծով գաթայի պատրաստություն է նախատեսվում՝ անցյալ տարվա 3.7-ի փոխարեն:

Հայաստանում Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ կառույցն այս տարի զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մեծացրել է փառատոների աջակցության ծավալը:

«Խրախուսում ենք նախաձեռնությունը տեղում, արմատավորվում է պետությունից օգնություն ակնկալելու սովորությունը, եւ ես հուսով եմ, որ փառատոնների անցկացման պրակտիկան տարածվելու է նաեւ Հայաստանի այլ մարզերում », - ամփոփեց Խզմալյանը: