Մեզ համար կարեւոր է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո չլինեն խռովածներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով քարոզարշավին։
«Մենք ցանկանում ենք Երեւան քաղաքում դասականից տարբերվող կառավարում իրականացնել, ուստի մեզ համար կարեւոր է, որ այս ընտրությունն ավարտվի հաշտությամբ։ Պետք է պատրաստվել հետընտրական պրոցեսին, չի կարելի այդքան հակադրվել»,–շեշտեց նա։
Հարցին՝ հանրային հնչեղության հարցերը ինչպե՞ս են լուծվելու, հանրաքվե՞ի միջոցով, թե՞ այլ գործիքներ են կիրառվելու, Զեյնալյանը ասաց. «Մենք օգտագործելու ենք հանրաքվեն, սոցիալական հարցումները որպես ժողովրդավարության գործիքներ, անպայման ապավինելու ենք ժողովրդի հավաքական իմաստության։ Կլինեն որոշումներ, որոնք կպահանջեն օպերատիվ կայացնել ելնելով հասարակական շահից»։
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։




























