Երեւանում առաջնային խնդիրն այսօր աղբահանության հարցն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց  ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Մտնում ես բակ, գարշահոտությունը կանգնած է բակում եւ ամենուրեք, այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը Երեւանում»,–նշեց նա՝ շեշտելով, որ աղբահանության հարցն անմիջականորեն խփում է զբոսաշրջությանը։

Քաղաքապետի թեկնածուն, սակայն, համոզված է՝ Երեւանի աղբահանության խնդիրը բազմաշերտ խնդիր է, այն թողնել միայն օպերատորի վրա սխալ կլինի։ 

«Դա պայմանավորված է նաեւ աղբավայրի որակով, աղբավայր տանող ավտոճանապարհի որակով։ Թափոնները երկրորդային հումք է, եկամտի աղբյուր է, էներգիայի այբյուր է, սակայն մեզ մոտ շատ քիչ է օգտագործվում դա որպես երկրորդային հումք։ Մենք փորձելու ենք մաքսիմալ օգտվել դրանից»,–եզրափակեց նա։