Պետք չէ նոր Հայաստանի արտահերթ ընտրությունները, արդարադատությունը եւ արժեքները կապել ավագանու ընտրություններում մեկ կուսակցության հաղթանակի հետ: Եթե Երեւանի բնակիչները առաջիկա ընտրություններին իրենց վստահությունը հայտնեն «Ժառանգությանը», նրանք կարող են վստահ լինել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:

Լրագրողների  հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ քվեարկելով «Իմ քայլին» ժողովուրդը քվեարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, չպետք է շփոթել պետական գործերը եւ նախընտրական հարթակները: Բացի այդ, նրա կարծիքով, վարչապետը ժողովրդին կոչ է արել քվեարկել ոչ թե քաղաքապետի թեկնածուի օգտին, այլ վարչապետի:

«Ես ինքս  ընտրել եմ վարչապետին, բայց ընտրել եմ որպես վարչապետ, այլ ոչ թե որպես քաղաքապետ: Եվ այս տարբերակումը պետք է հարգել, քանի որ սա վերջ ի վերջո պետություն  է», - ասաց Հովհաննիսյանը:

Խոսելով Երեւանի ավագանիում հայտնվելու իր հնարավորության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե գիտակից քաղաքացիները իրենց ժամանակից կես ժամ ծախսեն եւ գնան ընտրությունների, «Ժառանգությունը» «ամուր» տեղ կունենա ավագանու կազմում:

Ըստ Հովհաննիսյանի, նա առանձնապես չի վստահում սոցիալական հետազոտությունների արդյունքներին, քանի որ երբեմն դրանք ճշմարիտ են լինում,  երբեմն ՝ոչ, ինչպես իր մասնակցությամբ նախագահական ընտրությունների դեպքում:

 «Ես չգիտեմ, թե ինչպես են դրանք (հարցումներ) անցկացնում, բայց իմ ներքին ձայնն ինձ ասում է, որ մեր քաղաքի լուռ քաղաքացիների մեծ մասը փոփոխություններ է ցանկանում եւ ոչ թե միակուսակցական համակարգ, այլ բազմակուսակցական համակարգ», - ասաց Հովհաննիսյանը: «Ժառանգության» ղեկավարը նշեց, որ «միակուսակցականությունը» կամ «գերկուսակցականությունը» վտանգավոր է, եւ նա չի ուզում, որ այս համաժողովրդական շարժումը նույն ավարտն ունենա, ինչպես նախորդները: