Իրաքցի մոդել Շայմա Ղասեմն իր կյանքի համար վախենում է. անցյալ շաբաթ Բաղդադում գնդակահարել էին նախկին «Միս Բաղդադ» Տարու Ֆարեսին, իսկ հիմա Ղասեմին սպառնում են, որ նա «հաջորդն է լինելու», փոխանցում է BBC-ն: 

Շայմա Ղասեմը «Միս Իրաք-2015»-ն է: Նա Instagram-ում 2,7 մլն հետեւորդ ունի: Այն մասին, որ սպառնալիքներ է ստանում, Ղասեմը պատմել է Youtube-ի ուղիղ հեռարձակմամբ: Մոդելն ասում է, որ «դու հաջորդն ես» տեքստով հաղորդագրություններ է ստանում:

Իրաքցի հաջողակ կանանց կարող են «հավի պես մորթել», ասել է նա եւ ոստիկանությունից պաշտպանություն խնդրել:

Անցած հինգշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, Իրաքը ցնցվեց հանրահայտ մոդել, բլոգեր եւ «Միս Բաղդադ» մրցույթի հաղթող Տարու Ֆարեսի սպանությամբ: Ֆարեսը Instagram-ում գրեթե 3 մլն բաժանորդ ուներ: Սպանությունից առաջ նա եւս գանգատվել էր, որ սպառնալիքներ է ստանում: