Ճապոնիայի կառավարության կազմում իրենց պաշտոնները պահպանել են վեց առանցքային եւ վարչապետ Սինձո Աբեին առավել մերձավոր նախարարները, ներառյալ Սուգուն՝ փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն, ԱԳ նախարար Տարո Կոնոն, էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարի ու Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության գործերով նախարարի պաշտոնները համատեղող Հիրոսիգե Սեկոն, պետական հողերի եւ տրանսպորտի նախարար Կեյիտի Իսիին, տնտեսական վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր կառավարության երկու երրորդը՝ 12 մարդ, նոր դեմքեր են: Տակեսի Իվայան նշանակվել է պաշտպանության նախարար, շրջակա միջավայրի նախարարն է դարձել Յոսիակի Հարադան, Միցուհիրոսի Միյակոսին՝ Օկինավայի եւ հյուսիսային տարածքների նախարարը, ինչպես նաեւ համազգային գործերի ու հաղորդակցության նախարարը, Յոսիտակա Սակուրադան՝ օլիմպիադայի եւ պարալիմպիադայի նախարարը: Գիտության եւ տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Տակույա Հիրաին, նա է պատասխանատու նաեւ IT հարցերի համար: Հիրոմիտի Վատանաբեն նշանակվել է տարերային աղետներից հետո վերականգնման նախարար: Մասահիկո Սիբայաման դարձել է կրթության, մշակույթի, սպորտի նախարարը: Տակոմորի Յոսիկավան կզբաղեցնի գյուղատնտեսության, անտառային եւ ձկնային տնտեսության նախարարի պաշտոնը: Հանրային անվտանգության եւ համատեղությամբ տարերային աղետների հետեւանքների կանխման նախարարն է դարձել Ձյունձո Յամամոտոն: Կառավարությունում միակ կինը՝ Սացուկի Կատայաման դարձել է տարածաշրջանային զարգացման նախարարը: Տակումի Նեմոտոն առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարն է: Արդարադատության նախարարն է դարձել Տակասի Յամասիտան, որը մտնում է Սիգերու Իսիբայի խմբի մեջ, որը Սինձո Աբեի միակ մրցակիցն էր սեպտեմբերի 20-ին կուսակցության նախագահի ընտրություններում:

Աբեն ավելի վաղ ընդունել էր 2012 թվականին վարչապետ ընտրվելուց ի վեր իր երրորդ կառավարության բոլոր անդամների հրաժարականը:

Երեքշաբթի երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատման արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձեւավորված: