Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։

Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության   ապահովման եւ քաղաքացիական ակտիվության հարցում:

Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը:    Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարեւորվել են նաեւ մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման եւ մշտադիտարկման արդյունքների վրա:

Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի եւ Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաեւ Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այդ հարցում առանձնահատուկ է, քանի որ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը: