Անկարան չի դիտարկում ազգային արժույթի՝ թուրքական լիրայի անկումը որպես կրկին պարտքերի մեջ հայտնվելու պատճառ:

«Ժամանակակից Թուրքիան ԱՄՀ վարկերի եւ այլ տեխնիկական աջակցության կարիք չունի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան այլեւս մտադիր չէ վարկերի համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին:

«Նույնիսկ հարց չի դրված, որ Թուրքիայի եւ ԱՄՀ ճանապարհները հատվեն: Այս թեման ընդմիշտ փակված է»,-  Թուրքիայի առաջնորդի խոսքն է մեջբերել Rudaw-ն:

ԱՄՀ-ին երկրի պարտքը 2002 թվականին կազմել է 23,5 մլրդ դոլար: 2010-ին Անկարան դադարել է բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունից վարկեր ներգրավելու մասին: 2013-ին Թուրքիան մարել է ԱՄՀ վերջին վարկը:

ԱՄՀ վարկի մասին բանավեճն ակտիվացել է 2018 թվականի օգոստոսին թուրքական լիրայի կտրուկ անկման պատճառով: Այս ֆոնին սկսվել է ինֆլյացիայի աճ: Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գներն աճել են տարեկան կտրվածքով 24,52 տոկոսով: