Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում չհաստատեց Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Առողջապապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հասարակության մեջ կան դժգոհություններ, թե ինչու պետք է օրինակ, Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումները խոչընդոտեն մանկավարժական կամ այլ հաստիքներում աշխատելու համար: Նրա խոսքով, եթե այդ խանգարման դեպքում մարդիկ հաշվառման են կանգնում համախպատասխան հաստատությունում, ու եթե կարծում են, որ արդեն իրենց մոտ չկա այդ խանգարումը, կարող են կրկնակի փորձաքննություն անցնել եւ հաշվառումից հանվել. «Այլեւս խոչընդոտ չի լինի տվյալ գործունեությամբ զբաղվել»,-ասաց նախարարը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, թե արդյոք այդ հիվանդություններից մեկով տառապող անձը կարող է ընդոււնվել այնպիսի բուհ, որից հետո պետք է աշխատի ասենք դիվանագետ:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տարինե առաջ նման դեպք եղել է, որ դիմորդին չեն ընդունել Դիվանագիտական ակադեմիա, քանի որ տեսողության խնդիր է ունեցել. «Անձը, որի մասին խոսում եմ, բոլորս երեւի տեղյակ ենք, հիմա շատ հրաշալի պաշտոնավարում է Արցախի Հանրապետությունում»,-ասաց Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փոխել կարծրացած այդ մոտեցումները. «Այս նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվե՞լ է: Կարծում եմ՝ կարելի է հարցը հանել օրակարգից, շահառու խմբերի հետ քննարկել, բաց քննարկում անել Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջեւ դռները փակել»,-ասաց վարչապետը:
Ի վերջո որոշվեց հարցը հանել օրակարգից եւ անդրադառնալ քննարկումներ կազմակերպելուց հետո:
Նշենք, որ ըստ ներկայացված որոշման, հիշյալ ցանկում են հետեւյալ հիվանդությունները.
1. Օրգանական (ներառյալսիմպտոմատիկ) հոգեկանխանգարումներ
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ
3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ
4. Սովորույթի եւ հակումների խանգարումներ
5. Մտավոր հետամնացություն
6. Հոգեկան եւ վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
8. Էպիլեպսիա
9. Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
10. Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման դեպքում կհաստատվի հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ կապահովվի վերը նշված օրենքների լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը:




























