Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարությունում վերադասավորումների մասին որոշում չի ընդունի մինչեւ ուրբաթ երեկոյան Հայաստանից իր վերադարձը: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին:

«Հանրապետության նախագահը ցանկանում է նոր համախմբված թիմը կազմելուն անհրաժեշտ ժամանակ տրամադրել հանգիստ եւ պրոֆեսիոնալ պայմաններում, որը կծառայի ֆրանսիացիների շահերին»,- հայտարարել են պետության ղեկավարի աշխատակազմից: Ելիսեյան պալատից հավելել են, որ չորեքշաբթի առավոտյան նախատեսված կառավարության նիստը կանցկացվի նախկին կազմով:

Ֆրանսիայի նախագահի ժամանակացույցի համաձայն՝ Մակրոնը ֆրանսախոս երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է մեկնելու չորեքշաբթի երեկոյան: Վերադարձը նախատեսված է ուրբաթ:

Կառավարության վերակազմավորման հարցն առաջացել է ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հրաժարականից հետո:

Երեքշաբթի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի խորհրդակցությունը վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ, որի ընթացքում ավելի քան 1,5 ժամ քննարկվել են կառավարությունում վերադասավորումների հնարավոր տարբերակները: Երկրի նախագահն ու վարչապետը որոշել են կառավարության ներկայիս կազմը հիմնականում պահպանել՝ սահմանափակվելով շտկումներով: Այսպիսով, ինչպես նշում են քաղաքագետները, ներկա պահին չի քննարկվում կառավարության ամբողջական վերակազմավորման գաղափարը:

Կադրային վերադասավորումների սպասվող հերթագայությունը կդառնա վերջին 2 ամսում երկրորդը, երբ օգոստոսի վերջին հրաժարական էր ներկայացրել բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն: Այս պաշտոնում նրան փոխարինել է Ֆրանսուա դե Ռյուժին, որը 2017 թվականի հունիսից ղեկավարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը): Յուլոյին հաջորդել էր սպորտի նախարար Լորա Ֆեսելի հրաժարականը, նրան այս պաշտոնում փոխարինել է լողի ֆրանսիացի առաջին աշխարհի չեմպիոն Ռոքսան Մարասինեանուն:

Վերադասավորումներն առնչվել են նաեւ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին: Սեպտեմբերի վերջին պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բրյունո Ռոժե Պետին մեկ տարի աշխատելուց հետո իր պաշտոնից հեռացել էր, իսկ նրա պաշտոնը վերացվել էր: