Մալայզիան առաջիկայում մահապատիժը կվերացնի, հինգշաբթի հայտնել է New Straits Times-ի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով երկրի վարչապետի աշխատակազմին:
Մալայզիայի կառավարությունը հաստատել է մահապատժի վերացման որոշումը եւ այն ուղարկել խորհրդարանի քննարկմանը, հայտարարել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիու Վուի Կեոնգը:
Մահապատժի վերացման օրինագիծը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին, նշել է նա:
Նա նաեւ հավելել է, որ նոր օրինագծի քննարկման ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի մահապատժի դատավճիռների մորատորիում մտցնել:
«Մահապատիժը կվերացվի, եւ վերջ: Մենք ուսումնասիրում ենք որոշ խնդկիրներ… մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք եւ լսենք այս հարցում բոլոր կարծիքները, բայց այսօրվա դրությամբ ընդունված որոշմամբ մահապատիժը պետք է վերացվի»,- շեշտել է նա:
Մալայզիայի օրենսդրությամբ մահապատիժը նախատեսված է որպես բարձրագույն պատժաչափ առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ սպանություն, անչափահասի բռնաբարություն, պետական դավաճանություն, միապետության դեմ զինված խռովություն, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի մաքսանենգություն: Մալայզիայում մահապատիժն իրագործվում է կախաղանի միջոցով:




























