Ես իմ վերաբերմունքը կառուցում եմ ոչ թե ստիպված, այլ որպես սկզբունք, սպասումների վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ պատասխանելով այն  հարցին, թե ինչ վերաբերմունք ունի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Ես իմ վերաբերմունքը կառուցում եմ ոչ թե ստիպված, այլ որպես սկզբունք, սպասումների վրա։ Նախօրոք նեգատիվը տեսնելը իմ կանոնների մեջ չի մտնում»,-ասաց Ռոբերտ Ամիրխանյանը։

Հարցին, թե նախկինում պաշտպանել է ՀՀԿ-ին, այս նոր իշխանության կողքին եւս կանգնելո՞ւ է, կոմպոզիտորը պատասխանեց․ «Բոլոր այն ողջամիտ մարդկանց կողքին, ովքեր կօգնեն Հայաստանին իր բարձր պատվով խնդիրներ լուծելու համար։ Հիմա փոխանակ ինձ հարցնեք թե ի՞նչ նոր լավ կամ վատ երգ եմ գրել, կուսակցական հարցեր եք տալիս»։

Դիտարկմանը դեռ մեկ տարի առաջ բավական դրական էր արտահայտվում Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հասցեին, կոմպոզիտորն էլ պատասխանեց․ «Այո, ես՝ որպես մարդ, մարդու հանդեպ միշտ էլ լավ եմ արտահայտվել։ Կուսակցությունն ինձ համար գոյություն չունի այս պահին»։

Հարցին՝ այսինքն փոխե՞լ է դիրքորոշումը, պատասխանեց․ «Կյանքը փոխվում է մեր լվացվելուց հետո ամեն օր եւ տեսակը փոխվում է»։