ԿՀՎ տնօրեն Ջինա Հեսփելը, որը երեքշաբթի Թուրքիա է ժամանել, հնարավորություն է ստացել ծանոթանալու սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի որոշ նյութերին, հայտնում է Sabah պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի Ազգային հետախուզությունում Հեսփելի համար լրագրողի գործով հատուկ ճեպազրույց է կազմակերպվել: ԿՀՎ ղեկավարին են ներկայացրել Ստամբուլում սաուդյան դիվանագիտական ներկայացուցչության տարածքում թուրք քրեագետների հայտնաբերած հանցանշանները, ինչպես նաեւ ցուցադրել են քննության տրամադրության տակ եղած որոշ տեսանյութեր ու ձայնագրություններ:

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով: Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնց ինքնությունը չի բացահայտվում: Համաշխարհային հանրությունը խստորեն դատապարտել է հանցագործությունը եւ Էր Ռիադին կոչ արել թափանցիկ քննություն անցկացնել, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խաշոգջիի սպանությունն անվանել է մանրակրկիտ ծրագրված: