Հայաստանում դեռեւս հեղափոխություն չի եղել, եղել է խաղաղ իշխանափոխություն, բայց իշխանափոխություն՝ հեղափոխական փոփոխություններ իրականացնելու նպատակով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Հեղափոխություն նշանակում է մտածողության արմատական փոփոխություն, իսկ այսօր դեռեւս ասել, որ դա համատարած է, համաձայնեք, դեռ վաղ է, իսկ դա պարտավորեցնող է քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների համար»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ ապրիլ- մայիս ամիսների քաղաքացիական պոռթկումը լուրջ մարտահրավեր է ձեւավորում երկրի ընդհանուր զարգացման համար. պետք է փորձել քաղաքական այդ լուրջ էներգետիկան վերածել քաղաքական լուրջ կապիտալի. «Եթե հաջողվի այդ էներգիտական կապիտալիզացնել, ապա առանց վարանելու կարող ենք պնդել, որ ստեղծվել են ինստիտուցիոնալ նախադրյալներ հանրապետության զարգացման համար: Արտահերթ ընտրությունները, անկախ նրանից, թե երբ դրանք կանցկացվեն, ունեն մեկ պատմական առաքելություն՝ փորձել նպաստել այդ կապիտալիզացիային: Առաջիկա ընտրությունները պետք է լինեն խիստ մրցակցային եւ կդառնան երաշխիք որակյալ իշխանություն ձեւավորելու համար»:
Մինչդեռ, ըստ Հարությունյանի, իրական մրցակցային քաղաքական միջավայր ձեւավորելու համար, շատ կարեւոր է զերծ մնալ քաղաքական մասնակիցներին պիտակավորելու գայթակղությունից. «Եկեք զերծ մնանք ավելորդ պիտակավորումներից, որեւէ քննադատություն իշխանության հանդեպ, կամ կառավարության հանդեպ իսկյուն որակվում է կոնտրա՝ հակահեղափախականություն: Սա լավ տեղ չի տանի մեզ բոլորիս: Եկեք բարիկադները քանդենք, եկեք լինենք լոյալ, մեկս մեկիս լսենք չհամաձայնվելով, բայց ընդունելով, որ որեւէ մեկն իր կարծիքը հայտնելու բացառիկ իրավունք ունի: Եթե ամեն ինչը ձեւավորենք այս հենքի վրա,դա կարող է բերել բոլորիս հաջողություն, անկախ նրանից, թե ով կհայտնվի խորհրդարանում»:



























