Նոյեմբերի 1-ից 6-ը Երեւանում Yerevan Food Fest  միջազգային գաստրոփառատոն կանցկացվի: Այս տարի նրա հիմնական թեմաներն են Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակը, ինչպես նաեւ քաղաքային գաստրո մշակույթի զարգացումը:

Հոկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսին «Yerevan Food Fest»-ի ղեկավար Աննա Մազմանյանը տեղեկացրեց, որ  փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի շարք հետաքրքիր միջոցառումներ:

Մասնավորապես, մի քանի տաղավարներում իրենց գաստրոնոմիկ առանձնահատկություններով կներկայացվեն Արագածոտնի, Կոտայքի եւ Տավուշի մարզերը: Խոսքը «չորս ձեռքերով ընթրիքների» մասին է, որոնք տեղի կունենան մայրաքաղաքի հանրահայտ ռեստորաններում` հրավիրված եւ տեղական խոհարարների մասնակցությամբ:

Այսպես, փառատոնի հյուր Էդվին Սոումանը, (Edwin Soumang) հոլանդական «The One» (Միշլենի մեկ աստղ) ռեստորանի գլխավոր խոհարարը փորձարկումներ կանի Արագածոտնի խոհանոցի, երշիկի մասնագետ Անդրեյ Կուսպիցը՝ Տավուշի ուտեստների, իսկ ռուսական խոհանոցի փորձագետ Վլադ Պիսկունովը՝ Կոտայքի ճաշատեսակների հետ :

Մազմանյանն ընդգծեց, որ «չորս ձեռքի ընթրիքները» Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն:

Yerevan Food Fest-ի նպատակը հանրապետությունում գաստրոզբոսաշրջության աջակցությունն է: Մազմանյանը նշեց, որ երկիրը դրա համար մեծ ներուժ ունի եւ  հայկական խոհանոցի ուտեստները տարբեր երկրների զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում:

Պատահական չէ, որ նոյեմբերի 2-ին՝ փառատոնի շրջանակներում «Գաստրոնոմական զբոսաշրջությունը Հայաստանում» համաժողով կանցկացվի: Դրան մասնավորապես կմասնակցեն Ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերերի դաշնության նախագահ Իգոր Բուխանովը, ռեստորանի սեփականատեր Վարդգես Արզումանյանը (Ուկրաինա), Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիբտերմանը: Նույն օրը տեղի կունենա նաեւ HoReCa Expo  մասնագիտացված ցուցահանդեսը:

Փառատոնը կնշանավորվի նաեւ հրավիրված փորձագետների վարպետության դասերի անցկացմամբ՝ Հյուսիսային Կովկասի Ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովայի, Ռուսաստանի Ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերերի դաշնության գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Մինաեւի եւ Russian Wine Awards ժյուրիի անդամ Սվետլանա Վելիկանովայի:

Մազմանյանը հույս հայտնեց, որ փառատոնը կօգնի բարելավել եւ ամրապնդել համագործակցությունը տեղական եւ արտասահմանցի ռեստորանների սեփականատերերի եւ գլխավոր խոհարարների միջեւ: