Աշխատավարձերի վճարման ծախսերը էլեկտրաէներգիայի սակագնային պլանում կազմում են 3,4 դրամ՝ 1 վատտի դիմաց։ Այս մասին Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ին կայացած երկրորդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ընդ որում՝ վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման ծախսերն, ըստ նրա, կազմում են 0,78 դրամ։

«Շահագործման եւ պահպանման ծախսերը կազմում են 0,6 դրամ, անվճարունակ պարտապանները՝ 0,3 դրամ։ Բայց շահույթը 3 դրամ է»,- պարզաբանեց Մելքումյանը։

Միաժամանակ, հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ծախսերի կրճատումը պետք է կատարել հենց վերը թվարկվածների հաշվին։