«Արմենալ» գործարանը մշտապես  տեղ ունի  5-7 առավել բարեխիղճ եւ արդյունավետ արտահանողների եւ հարկատուների շարքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

2010 թ. արդյունքներով գործարանն առաջին անգամ պետբյուջե է փոխանցել 1 մլրդ դրամից ավելի գումար  (1 մլրդ 53,5 մլն դրամ), ապահովելով այս ցուցանիշի աճն գրեթե 35 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրության հանրապետական հիմնադրամին փոխանցվել է 247,6 մլն դրամ (ավելի քան  2 անգամ աճ):

Ներկայումս «Արմենալում» աշխատում է շուրջ  700 մարդ՝ ամսական 250 հազար դրամ աշխատավարձով, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2009 թվականի  համանման ցուցանիշը եւ գրեթե 2,25 անգամ բարձր է Հայաստանյան միջին աշխատավարձից:

Գործարանը 2010 թ. արտադրել է 24 .6 հազ. տոննա արտադրանք, որը 14,7 տոկոսով  գերազանցել է 2009 թ. մակարդակը (21,5 հազար տ): Գործարանի ստեղծման պահից` 2000 թվականից, արտադրության տարեկան ծավալը մեծացել է ավելի քան 30 անգամ: Հայաստանի արտահանման մեջ ձեռնարկության մասնաբաժինը գերազանցում է 8 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի մեջ` մերձենում է 1 տոկոսին: