Արարատի մարզում, հոկտեմբերի 26-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել «սուր սննդային թունավորում, սուր գաստրոէնտերոկոլիտ՝ միջին ծանրության» ախտորոշմամբ մի քանի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմաշ գյուղի բնակիչներ 53-ամյա Անահիտ Բ.-ն, 60-ամյա Գառնիկ Ղ.-ն, 26-ամյա Արեւհատ Ս.-ն, 17-ամյա Թամարա Ղ.-ն, 15-ամյա Գայանե Բ.-ն, 13-ամյա Գագիկ Բ.-ն եւ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի բնակիչներ 34-ամյա Արման Գ.-ն ու 32-ամյա Հովհաննես Ա.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Գառնիկ Ղ.-ի տանը նախաճաշի ժամանակ կերել են կոլոլակով սուպ, որից հետո բոլորի ինքնազգացողությունը վատացել է։




























