Ալբանիայում Հունաստանի քաղաքացին սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։ Հունաստանի ԱԳՆ-ը պահանջում է բացահայտել դեպքի հանգամանքները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել Վուլյարատես գյուղում, որտեղ հույների մեծ համայնք է ապրում։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ հույնը իր երկրի դրոշը կախել է հույն զինվորականների գերեզմանատանը, սակայն ալբանացի ոստիկանները հանել են այն, որից հետո հույնն իբր Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել։ Ալբանակն ԶԼՄ-ների հրապարակած նկարներում երեւում են ոստիկանության ավտոմեքենայի ապակիներին փամփուշտներից մնացած անցքերը։
Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ձերբակալության փորձի ժամանակ իրենց քաղաքացին սպանվել է եւ ցավակցություն է հայտնել Կոնստանտինոս Կացիֆասի մահվան կապակցությամբ։
«Ամեն դեպքում անընդունելի է, որ ոստիկանության գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքի կորստի։ Մենք սպասում ենք, որ ալբանական իշխանությունները լիովին կբացահայտեն Հունաստանի քաղաքացու մահվան հանգամանքները, եւ անհապաղ համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։




























